Տնտեսություն

«Ռոստելեկոմը» 100 տոկոսով հանվել է վաճառքի, հավանական գնորդը ՀԷՑ-ն է. ՀԾԿՀ խոսնակ

2 րոպեի ընթերցում

«Ռոստելեկոմը» 100 տոկոսով հանվել է վաճառքի, հավանական գնորդը ՀԷՑ-ն է. ՀԾԿՀ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը, որը հանդես է գալիս «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը և այդ մասին դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ իր բաժնետոմսերը վաճառելու գործարքին: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

«Հանձնաժողովը իրավասու մարմինների հետ կքննարկի այդ գործարքը, և այդ քննարկումների արդյունքում, օրենքով սահմանված ժամկետում կորոշվի՝ գործարքը տեղի կունենա, թե տեղի չի ունենա: Բայց, ամեն դեպքում, դա տեղի կունենա իրավասու մարմինների հետ քննարկումից հետո», - տեղեկացրեց ՀԾԿՀ-ի խոսնակը:

Լիանա Ազիզյանը նաև հաստատեց այն տեղեկությունը, որ «Ռոստելեկոմի» հավանական գնորդը ՀԷՑ-ն է:

«Այո, հավանական գնորդ է հանդիսանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը բաժնետոմսերը ցանկանում է ձեռք բերել «Molitro Holdings Limited» ընկերության միջոցով», - հաղորդեց Լիանա Ազիզյանը:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, որը ներկայացնում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշը, հիմնադրվել է 2007 թվականին: «Ռոստելեկոմը» 2012 թվականից լայնաշերտ ինտերնետի, սմարթ IP հեռուստատեսության, ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններէ մատուցում Հայաստանում ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում