Մասնավոր ներդրումներն աճել են. նախարարն ընդունում է՝ ոլորտում դեռևս խնդիրներ կան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ մասնավոր ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 15 տոկոսով, սակայն ներդրումների ոլորտում դեռևս կան խնդիրներ, կան ներդրումային ծրագրեր, որոնք բախվում են խնդիրների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումներին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի՝ տնտեսական աճի կանխատեսմանն առնչվող հարցին:

«Մասնավոր ներդրումներն աճել են անցյալ տարվա նկատմամբ և, իմ կարծիքով, կազմում են ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը»,- ասաց Քերոբյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսում են առաջիկա 5 տարում ավելացնել ներդրումների չափաբաժինը ՀՆԱ-ի նկատմամբ:

«Ասել, թե մեր երկիրը կարողանում է սահուն ձևով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, սխալ կլինի: Եվ մենք մեր ներդրումների աջակցման կենտրոնում էլ, Էկոնոմիկայի նախարարությունում էլ ունենք շատ ծրագրեր, որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների: Եվ մեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում նախ օգնելը, որ այդ ներդրումները հասնեն իրենց նպատակին և միաժամանակ ուղղելն այն օրենսդրական խնդիրները, որոնց պատճառով այդ խոչընդոտներն առաջացել են»,- ասաց նախարարն ու հավելեց, որ այդ առումով շատ գործ ունեն անելու:

Նա նկատեց՝ կան միջոցառումներ, որոնց համար գումար չի պահանջվում, օրինակ՝ գործարար միջավայրի բարելավումը: Էկոնոմիկայի մի փոխնախարարի ամբողջ գործն ուղղված է հենց գործարար միջավայրի բարելավումը:

Նախարարը նշեց, որ ամենակարևոր գործոններից մեկը, որը պետք է բերի ցանկալի տնտեսական աճին, աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են:

Անդրադառնալով Խաչատրյանի հարցին, թե տնտեսական աճի 7 տոկոսի կանխատեսումը որտեղի՞ց է գալիս, ակնկալում են, որ Ամուլսա՞րը կշահագործվի, Քերոբյանն ասաց. «Եթե նույնիսկ այս պահին բոլոր հարցերը լուծվեն, հանքը վերադառնա աշխատելու ռեժիմին, այն լավագույն դեպքում կսկսի աշխատել 12 ամիս հետո: Մենք հիմա սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը, որ տեսնենք, թե ինչ արդյունքներ են ի հայտ գալիս: Դրանից են կախված լինելու Ամուլսարի վերաբերյալ հետագա քննարկումները»:

Հայերեն English Русский