Տնտեսություն

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա 83 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կավելանա  83 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2022 թվականին գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացնել 83 տոկոսով ավելի գումար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Մեր պետության հարատևությունն ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության և կրթության բնագավառում, ինչը մեզ համար չափազանց կարևոր առաջնահերթություն է: 2022-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով: Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության և նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները, որով շարունակվելու է ներկայում ընթացող շինարարական աշխատանքները և նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ»,-ասաց Փաշինյանը:

Այս պահի դրությամբ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում: «2022-ին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների հատկացվող գումարն ավելին է 2.5 անգամ՝ կազմելով 6.7 մլրդ դրամ»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ իրենց նպատակն է անձի կրթությունն ու շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում