Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին։

«Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան` ընդգծելով տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել շվեդական կողմին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության առնչությամբ, ինչը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացման համագործակցության ամրապնդումը և Շվեդական զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում նախարար Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում