Հասարակական

Պատմության հետագծով 

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ,29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1885 թ. սեպտեմբերի 29-ին Անգլիայի Բլեքփուլում սկսում է գործել առաջին էլեկտրական տրամվայը:

-1911 թ. սեպտեմբերի 29-ին Իտալիան պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը:

-1979 թ. սեպտեմբերի 29-ին Հովհաննես Պողոս II-ը դառնում է Իռլանդիա այցելություն կատարած առաջին պապը:

-1929 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հայ բանաստեղծ (ծնվ.՝ 1864 թ.)։ 1883 թ. «Աղբյուր»-ում լույս տեսավ Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887-ին հրատարակվեց «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը ճանաչում բերեց հեղինակին։ 1913 թ. նշվեց բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակը, իսկ 1965-ին պետականորեն տոնվեց Հովհ. Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակը։ 1948-ից ծննդավայրում գործում է նրա տուն-թանգարանը։

-1951 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Հայկ Գյուլիքեւխյանը՝ հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1929)։ Զբաղվել է ինչպես եվրոպական, այնպես էլ ռուս եւ հայ դասական, արդիական գրականության հարցերով։ Ուսումնասիրել է արվեստի ու գրականության համարյա բոլոր ճյուղերն ու ժանրերը։ Նա խոսել եւ գրել է Շեքսպիրի, Գյոթեի, Հայնեի, Հեգելի, նաեւ Պուշկինի, Բելինսկու, Չերնիշեւսկու, Դոբրոլյուբովի, Գորկու, Պլեխանովի, Աբովյանի, Շիրվանզադեի, Սունդուկյանի եւ սովետահայ դրամատուրգիայի, հայ թատրոնի ու կինոարվեստի անվանի ներկայացուցիչների մասին։ Գյուլիքեւխյանը 1920-ական թթ. Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հիմնադիրներից մեկն էր եւ լրջորեն հետեւել է նորածիլ գեղարվեստական գրականության զարգացման կենդանի գործընթացին։ Պրոֆեսոր Գյուլիքեւխյանի գրական աշխատասիրությունների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Րաֆֆու «Կայծերի» եւ Ռափայել Պատկանյանի գեղարվեստական արձակի մասին գրված ծավալուն գործերը։

-1979 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Սուրեն Քոչարյանը՝ խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող։ ՀԽՍՀ (1945) եւ ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ։ Արժանացել է ԽՍՀՄ (Ստալինյան, 1951) եւ ՀԽՍՀ (1975) պետական մրցանակների, պարգեւատրվել «Պատվո նշան» շքանշանով։

-2001 թ. սեպտեմբերի 29-ին մահացել է Վարդան Մուսախանյանը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու։

-1954 թ. սեպտեմբերի 29-ին Փարիզում ստեղծվեց Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը։

-1957 թ. սեպտեմբերի 29-ին Չելյաբինսկի մարզի Օզյորսկ ավանի «Մայակ» գործարանում տեղի ունեցավ ատոմային վթար։

-1571 թ. սեպտեմբերի 29-ին ծնվել է Կարավաջոն՝ վաղ Բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, ով իր գործունեությունը ծավալել է Հռոմում, Նեապոլում, Սիցիլիայում եւ Մալթայում 1590-1610-ական թթ.։

-1901 թ. սեպտեմբերի 29-ին ծնվել է Էնրիկո Ֆերմին՝ իտալացի նշանավոր ֆիզիկոս, մաթեմատիկոս (մահ.՝ 1954 թ.)։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում