Քաղաքականություն

Իվան Կորչոկը Արարատ Միրզոյանին հրավիրեց Սլովակիա

2 րոպեի ընթերցում

Իվան Կորչոկը Արարատ Միրզոյանին հրավիրեց Սլովակիա

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահաստատելով հարաբերությունների աճող դինամիկան՝ Հայաստանն ու Սլովակիան ինտենսիվացնում են համատեղ աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը նշեց, որ իր դոկտրինը համագործակցության առկա ներուժը լավագույնս օգտագործելն է:

«Կասկած չկա, որ համագործակցության մեծ ներուժ գոյություն ունի Հայաստանի ու Սլովակիայի հարաբերություններում, մասնավորապես, տնտեսական ուղղությամբ: Առևտրային ցուցանիշներում աճ, իհարկե, գրանցվել է, սակայն մենք պետք է գերազանցենք այդ արդյունքները: Հայերն ու սլովակները ակնկալում են շոշափելի արդյունքներ: Էներգետիկայի ոլորտը շատ խոստումնալից է համագործակցության տեսանկյունից: Սլովակիայի մեկ ընկերություն այժմ բանակցում է իր մասնակցությունն ունենալու Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում: Կան նաև համագործակցության հնարավորություններ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, զբոսաշրջության ոլորտներում: Մենք կխթանենք սլովակներին գալ այս գեղեցիկ երկիր և հայերին՝ այցելել Սլովակիա»,- ասաց Իվան Կորչոկը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշեց, որ, որպես ԵՄ երկիր, Սլովակիան խրախուսում ու սատարում է Հայաստանին կառուցվածքային բարեփոխումները շարունակելու հարցում:

Ճեպազրույցի ավարտին Իվան Կորչոկը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեց առաջին իսկ հնարավորության դեպքում Սլովակիա այցելելու հրավեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում