ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ վարչապետի բնորոշմամբ՝ պարոն Լաքոթի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում:

«Այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն չի ունեցել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների վրա, այլև երկկողմ փոխգործակցությունը դարձել է առավել սերտ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ երկու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար առկա են լայն հնարավորություններ:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը, ինչը հիմնված է հայ և ֆրանսիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է Ֆրանսիայի կարևոր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետություն:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարվա ընթացքում համավարակով, ինչպես նաև՝ պատերազմով պայմանավորված դժվարությունները հնարավորություն չեն տվել մեր երկրին կազմակերպության շրջանակում գործել ակտիվ: Մեկտեղ, վստահություն է հայտնել, որ առաջիկայում կազմակերպության շրջանակում համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ և սերտ:

«Այս բոլոր դժվարությունները չեն մթագնել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, և դրանում պետք է ընդգծել Ձեր անձնական ներդրումը: Մենք Ձեզ ընկալելու ենք որպես Հայաստանի բարեկամ և ուրախ կլինենք հետագայում ևս Ձեզ տեսնել մեր երկրում»,- ասել է վարչապետը՝ Ժոնաթան Լաքոթին մաղթելով հաջողություններ:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականների համար և նշել, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանի համար նշանավորվել է և ծանր, և երջանիկ պահերով:

«Հուզիչ հիշողություններ ունեմ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից: Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է, ու հայ ժողովուրդը կարող է դրանով հպարտ լինել»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ Ֆրանսիան շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին և հետագա աշխատանքներին:

Հայերեն العربية English Français Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով