Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից:

Իրանի դեսպանատնից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման հարցի՝ օրակարգ մտնելուց ի վեր Իրանը լիահույս է եղել, որ կողմերը հրատապ կերպով կհասնեն այնպիսի փոխընդունելի լուծման, որը կապահովի Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների բնականոն ընթացքը՝ նվազագույն հետևանքներով: Նաև հիշեցրել են են, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման հարցը եղել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված եռակողմ հայտարարությունների հիմնական կետերից մեկը:

Թեհրանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում:

«Հուսով ենք, որ կողմերը՝ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: Ցավոք, վերջին երկու օրերի ընթացքում ականատես ենք լինում այն բանին, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով այս ճանապարհով երթևեկությունը խաթարվել է, ինչը խնդիրներ է առաջացրել ոչ միայն Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքի համար, այլև Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մի շարք իրանական բեռնատարների համար: Այս ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում առկա իրավիճակի բարդությունից ելնելով՝ պահանջվում է, որ կողմերը բարիդրացիության սկզբունքի շրջանակներում ջանքեր գործադրեն՝ հաղորդակցության և երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու ուղղությամբ, մինչև այս առումով ճշգրիտ և կոնկրետ իրավիճակի հասնելը: Հետևաբար, մենք դեռ հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում», - նշված է Իրանի դեսպանության պատասխան նամակում:

Ինչ վերաբերում է հաղորդակցության բնականոն ընթացքի երաշխավորման կարևորությանը՝ իրանական կողմն ընդգծում է, որ իրենք մշտապես հայտնել են իրենց տեսակետները Հայաստանի իրավասու մարմիններին:

«Լիահույս ենք, որ Կապան-Գորիս երթուղու շահագործման շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղղությամբ ընթացող բանակցություններին զուգահեռ՝ սրընթաց կերպով կընթանան նաև այլընտրանքային երթուղիների բարելավման ու զարգացման աշխատանքները, որպեսզի պայմանները ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ վերադառնան իրենց բնականոն հունին», - «Արմենպրես»-ին ասել են Իրանի դեսպանությունից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Օգոստոսի 26-ի եռակողմ բանակցությունները ճանապարհի բացման շուրջ, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի փոխանցմամբ, արդյունք չէին տվել, ճանապարհը մնացել էր փակ:

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը և ռուս սահմանապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

Օգոստոսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակումը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ադրբեջանի կողմից միջպետական ճանապարհի փակումը անդրադարձել է նաև Իրանից կատարվող բեռնափոխադրումների վրա: էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարները Երևան հասնելու խնդիր ունեն:

Հայերեն العربية English Русский Türkçe

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հնդկաստանի երեք քաղաքներում հանդես է եկել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարով

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

ՍԴՀԿ 23-ՐԴ համագումարը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը