Հայաստանի երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061110.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և կարող ենք ակնկալել, որ իսկապես մինչև 2024 թվականը կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև կարևորեց օդային տրանսպորտի ոլորտում փոփոխությունները:
«Հայաստանում հիմնադրվում է երկու տեղական ավիաընկերություն, իհարկե, օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ լավացնում: Այստեղ օդային փոխադրումների ոլորտը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու բավականին լավ դինամիկա է ցուցաբերում: Մեր խնդիրը պետք է այնպես լինի, որ այս ներդրումային հետաքրքրությունը ավելացնենք, զարգացնենք և կարողանանք աջակցել, որ տեղի ունեցող ներդրումները լինեն արդյունավետ»,- եզրափակեց Փաշինյանը: