ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները օգոստոսի 11-ին Արցախ Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ըստ ԱԻՊԾ հաղորդագրության` շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է:
Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:
ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն: