Մշակույթ

Կոլորիտային շինություն, անտիպ ձեռագրային նմուշներ. Գորիսի այցեքարտերից է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը

4 րոպեի ընթերցում

Կոլորիտային շինություն, անտիպ ձեռագրային նմուշներ. Գորիսի այցեքարտերից է Սերո  Խանզադյանի տուն-թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այցելել Գորիս ու չտեսնել Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, կստացվի ինչ- որ բան կիսատ թողնել, քանի որ Խանզադյանը տունը կառուցել է այնպիսի դիրքում, որտեղից տեսանելի է ամբողջ Գորիսն իր հրաշք բնությամբ ու Շվեյցարիան հիշեցնող կարմիր տանիքներով կոլորիտային տներով:

Սերո Խանզադյանի տունը, որը գրողը կառուցել է 70-ական թվականներին հայրենի Գորիս քաղաքում, տուն-թանգարանի է վերածվել 2008 թվականին:

Խանզադյանը տունը կառուցելիս օգտագործել է իրենց հին տան հիմնաքարերը՝ կյանքի կոչելով մոր՝ Վարդանուշ Խանզադյանի պատգամը:

«Ես իմ տունը շինեցի մեր բերդաթաղի մի բարձունքի վրա: Դրա համար օգտագործեցի մեր փլված կամարների ու պատերի քարերը, որոնց վրա դեռ մնում են ալևոր դարերի հետքերը: Շինեցի մեր գլխատան ոճով ու տեսքով՝ վրան մեր Կարմիր մատուռի հանգով գմբեթ հյուսելով: Փլատակների միջից մերոնք հանեցին մեր հեթանոսական կրակարանի զարդանախշ օջախը ու նրա քարերը հագցրին իմ նոր տան ներսի կամարի տակ: Նրանք բերին մեր օջախի հին կրակի մի մասունքը և վառեցին նորից իր գահը գտած օջախում, որի քարի վրա դեռ ծաղկում է իմ նախնի Քուրմ Անձավի ձեռքով քանդակած արևի ճառագայթների խուրձը: Գտանք նաև կորած աղբյուրը: Եռախորան դարպասի մոտ՝ մարդկանց գնալ-գալու ճանապարհի եզրին, շինեցինք խաչքար աղբյուր: Մատաղ աղբյուրի ջուրը խշշաց նրա քարե թասից: Աղբյուրը խոսեց մորս լեզվով.-Բարի լույս»:

Այսպես էլ սկիզբ է առնում Սերո Խանզադյանի տան պատմությունը, որի կառուցումը սկսվել է 70–ականներին և ավարտին հասել 1981թ. հունիսին և տուն-թանգարանի վերածվել 2008 թ. սեպտեմբերին: Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակում մեծանուն գրողի վերանորոգված տուն-թանգարանում նոր ցուցադրություն է բացվել 2018 հուլիսի 7-ին:

Այստեղ պահվում են ոչ միայն գրողի անձնական իրերը, գրական-հասարակական գործունեությունը ներկայացնող նյութեր, այլև ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են գրողի ապրած ժամանակաշրջանի կյանքն ու կենցաղը: Վերջին երկու տարիների ընթացքում տարվում են մի շարք աշխատանքներ՝ թանգարանը նոր անձնական իրերով, ցուցանմուշներով համալրելու և գրական ու մշակութային կյանքը համայնքում զարգացնելու ուղությամբ:

Սերո Խանզադյանի տուն-թանգարանում ցուցադրված են անտիպ ստեղծագործությունների ձեռագիր նմուշներ, նամակներ, անձնական նվերներ, գրքեր: Թանգարանում ցուցադրության են ներկայացվել նաև «Մխիթար սպարապետ» պատմավեպի նկարազարդումները, որի հեղինակն է Էդուարդ Իսաբեկյանը: Թանգարանի պատերին իրենց տեղն են գտել Խանզադյանի որդու՝ Արարատ Խանզադյանի կտավները, որոնցից մեկում էլ պատկերել է հենց հորը, ինչն ավելի է ամբողջացնում թանգարանի պատկերը :

Թանգարանն ունի նաև գրադարան, որը պարբերաբար համալրվում է նոր գրական ստեղծագործություններով: Դրանք օգտագործվում են համայնքի դպրոցականների կողմից, ինչպես նաև թանգարանում իրականացվող մի շարք կրթական ծրագրերի համար:

Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են գրական քննարկումներ, միջոցառումներ: Կրթական ծրագրերի շրջանակներում թանգարանը համագործակցում է հանրակրթական դպրոցների, այլ թանգարանների հետ:

Սերո Խանզադյանի տուն-թանգարանի մուտքն ազատ է բոլորի համար:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում