Արցախ

Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական հաճախականությունները. դատախազություն

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը  միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական հաճախականությունները. դատախազություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք հաճախականությունների չափագրման արդյունքում կազմված եզրակացության համաձայն 87-100 ՄՀՑ «FM» տիրույթում առկա է 3 վայրկյան և 7 վայրկյան պարբերականությամբ կրկնվող ազդանշան, որը ստացվում է ԱՀ Ասկերանի շրջանի ուղղությունից` ադրբեջանական կողմից, ինչը խլացնում է տեղական հաճախականությունները` այդպիսով խոչընդոտելով դրանց անխափան գործարկմանը:

«Քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է նաև, որ վերոհիշյալ խափանող ազդանշանը գործարկվում է նոր հաճախականությամբ նաև այն դեպքում, երբ Արցախում համապատասխան ռադիոհաճախականության օգտագործողի կողմից կատարվում է հաճախականության ալիքի փոփոխություն:

Վերոգրյալը հիմք է տալիս արձանագրելու, որ ադբեջանական կողմը նման միջոցներով միտումնավոր փորձում է խոչընդոտել Արցախում հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը` միաժամանակ գույքային վնաս հասցնելով նաև տնտեսվարող սուբյեկտներին:

Նշված քրեական գործով պարզված հանգամանքների մասին հաղորդվել են ինչպես Արցախի Հանրապետության իրավասու մարմիններին, այնպես էլ ԱՀ-ում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում