Պաշտոնական

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը  շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պարոն վարչապետ,

Սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ հայերը որոշեցին իրենց ձայների մեծամասնությունը տալ Ձեր ղեկավարած քաղաքական կուսակցությանը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից բողոքարկման դիմումների վերջնական քննության ավարտին ինձ համար հաճելի է ֆրանկոֆոն ընտանիքի և անձամբ իմ անունից Ձեզ շնորհավորական խոսք հղել՝ ազատ, վստահելի և թափանցիկ գործընթացի արդյունքում ընտրություններում հաջողության հասնելու կապակցությամբ։

Ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը դիմակայում էնշանակալի մարտահրավերների, մասնավորապես՝ անվտանգային առումով։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ վերահաստատել ֆրանկոֆոն համայնքի ամբողջ համերաշխությունը, հատկապես հայկական այն ընտանիքներին, որոնք սպասում են ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև հակամարտության զոհերի մարմինների վերադարձին։

Այս համատեքստում ազգային միասնությունը և երկխոսությունը շարունակում են հիմնարար դեր ունենալ։ Չեմ կասկածում, որ Դուք կկարողանաք գտնել ուղիներ և միջոցներ հայերին էլ ավելի համախմբելու համար և շարունակելու 2018 թվականից ի վեր Ձեր կողմից ձեռնարկված բարեփոխումների, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների պահանջկոտ դինամիկան։

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ խթանելու համագործակցությունը մեր կազմակերպության և Հայաստանի միջև, հատկապես իրավական պետության ամրապնդման և ֆրանսերեն լեզվի ոլորտներում»,- նշված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում