Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքներով գտնվում է Երասխում
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքներով գտնվում է Երասխում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058602.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին, և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում պարբերական դարձած ադրբեջանական կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող:
Այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև՝ ՀՀ պետական համապատասխան մարմիններին: