Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2 րոպեի ընթերցում
![Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058115.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատ Թումանյանին Սյունիքի մարզի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հուլիսի 9-ին հրաժարական էր տվել: Իր հրաժարականը նա բացատրել է աշխատանքը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում շարունակելու ցանկությամբ:
Հուլիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Մխիթար Զաքարյանը կալանավորվել է 2 ամսով: Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է բավարարել Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 17-րդ համար Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունը: