Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների՝ Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը.

«Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։

Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում։

Ադրբեջանի՝ ներկայիս ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաև սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ համագործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման և ռազմական հանցագործությունների արդարացում։ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական։

Կրկին հայտարարում ենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներովՇուշինԱրցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։

Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայմաններ են։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար