«Նոր գիրք»-19/21. Չորս հրատարակչությունների նոր գրքերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Դավիթ Սամվելյան, «Հայելապատում»

Դավիթ Սամվելյանի «Հայելապատում» վիպակը, ինչպես անունն է հուշում, մարդու ինքնահայեցման մասին է։ Ստեղծագործության հերոսը, սակայն, ոչ թե հենց սկզբից խոհականորեն իր ներսն է նայում, հանդարտաբար ճանաչում ինքն իրեն, այլ ասես պեղում է սեփական հոգին, մարտնչում ինքն իր և աշխարհի դեմ։ Ի վերջո, փախչելով շրջապատից, ընտանիքից, երկրից՝ նա շտապում է դեպի բաղձալի ազատությունը։ Շուտով, սակայն, ամեն բան գլխիվայր շրջվում է․ հայելին աղավաղում էր պատկերը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Մայքլ Քանինգհեմ, «Վայրի կարապը և այլ պատումներ»

Մայքլ Քանինգհեմի «Վայրի կարապը և այլ պատումներ» ժողովածուն ընդգրկում է տասը գործ՝ նրբագեղ ու բազմաշերտ պոստմոդեռնիստական տեքստեր, որոնք առավելապես հանրահայտ հեքիաթների արքետիպային սյուժեների վերաշարադրանքն են միանգամայն նորովի և անսպասելի մոտեցմամբ: Թարգմանիչ՝ Արմեն Օհանյան, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

Դեն Բրաուն, «Վայրի սիմֆոնիա»

Պատրա՞ստ ես խիզախ արկածների: Ճամփորդի՜ր ծառերի և ծովերի միջով Մաեստրո մկան և իր ընկերների ուղեկցությամբ: Ճանապարհին կհանդիպես մեծ կապույտ կետերի և վարազների, պստիկ բզեզների և նրբագեղ կարապների: Բացահայտի՛ր ամեն մեկի թաքնված գաղտնիքը: Ճանապարհին կարող ես նկատել անակնկալներ, որ քեզ համար թողել է Մաեստրո մուկը՝ պախկված բզզացող մեղու, խառը տառեր, որոնցից պետք է կազմես բանալի բառեր, և նույնիսկ թաքնված գաղտնաբառ, որը պետք է բացահայտես: «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելերային հեղինակ Դեն Բրաունը ստեղծել է իր անդրանիկ նկարազարդ գիրքը, որտեղ կգտնես խելացի, առեղծվածային, երաժշտական և բացառիկ զվարճալի պատմություններ:

Թարգմանությունը` Սերգեյ Սարգսյանի, նկարազարդումները` Սյուզան Բատորիի:

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Միխայիլ Զիգար, «Կրեմլի ամբողջ շքախումբը»

Այս գիրքը ներկայացնում է Ռուսաստանի ժամանակակից պատմությունը՝Վլադիմիր Պուտինի կառավարման շրջանը (2000-15)։ Գրքի հիմքում փաստաթղթեր են, բաց աղբյուրներ ու տասնյակ բացառիկ հարցազրույցներ։ Մեկտեղված փաստերի, իրադարձությունների, ինտրիգների ու հերոսների կարծիքների շնորհիվ լիարժեք է դառնում Կրեմլի ներքին կյանքի պատկերը, պարզ է դառնում Վլադիմիր Պուտինի կառավարման տրամաբանությունը։ Գրքում հավաքված են բացառիկ, նախկինում չհրապարակված փաստեր, հարցազրույցներ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտումներ անել Ռուսաստանի նախագահի կայացրած որոշումների իրական պատճառների մասին։

Թարգմանիչ՝ Դավիթ Սարգսյան, խմբագիր՝ Տաթևիկ Նալբանդյան: Գիրքը լույս է ընծայել Newmag -ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը