Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը
1 րոպեի ընթերցում
![Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1057086.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը հունիսի 30-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։ Սենատն Արցախը ճանաչելուց բացի դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը:Նյու Ջերսին Արցախի անկախությանը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է: