Հասարակական

Աբովյանում կառուցվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն

4 րոպեի ընթերցում

Աբովյանում կառուցվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աբովյանում հունիսի 28-ին մեկնարկեց ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 358 հազար եվրո, որը հատկացրել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից, իսկ ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության համատեղ ջանքերով։ Աբովյան համայնքի կողմից տրամադրված հողատարածքում կառուցվելու է 2 հարկանի մոնոլիտ շենք բոլոր հարմարություններով։

«Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին, բայց շինարարները մեզ հույս են տալիս, որ հնարավոր է կատարել մի փոքր ավելի շուտ՝ 2022 կեսերին շենքը արդեն պատրաստ լինի։ Ներկայումս գործող հատուկ կացարանը, որը նախատեսված է ապաստարան հայցողների բնակության խնդիրների լուծման համար, հյուրընկալում է շուրջ 50 անձի՝ չնայած նախատեսված է 45-ի համար։ Այսինքն՝ որոշակի դժվարությամբ, բայց հյուրընկալում ենք 50-ի։ Ներկայումս ընթացող շինարարությամբ նախատեսվում է կառուցել հատուկ կացարան, որ կհյուրընկալի շուրջ 100 ապաստարան հայցողի և որոշակի հարմարություններ իրականացնելու պարագայում՝ նույնիսկ 120 անձի։

Մենք առնվազն առաջիկա մի քանի տարիների, եթե չասեմ 7-8 տարիների կտրվածքով, ըստ էության, ապաստարան հայցողների կացության խնդիրները լուծած կարող ենք համարել։ Ավելի երկարաժամկետ նման հարցերի պլանավորումը դեռևս նպատակահարմար չէ, հաշվի առնելով միգրացիոն տենդենցների արագ փոփոխությունը»,- միջոցառման բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ վերջին 3 տարվա ընթացքում տարեկան կտրվածքով ապաստան հայցողների հոսքը միջինում 200-ից ավել է։

«Հիմնականում դիմում են Մերձավոր Արևելքի երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից՝ այն տեղերից, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ, որտեղ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց Ղազարյանը։

Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ ապաստան հայցողները մնալու են այս կենտրոնում մինչև փախստականի կարգավիճակի որոշման գործընթացը ավարտին է հասցվում։

«Նախ և առաջ ապաստան հայցողներին տրամադրվում է կացություն։ Բացի այդ, նրանք որպես սոցիալապես խոցելի խումբ, ստանում են առողջապահական օժանդակություն։ Իսկ ովքեր կացարանում չեն տեղավորվում, նրանց համար կա որոշակի ֆինանսական օժանդակություն, որը թույլ է տալիս բնակարան վարձակալել կարճ ժամկետով մինչև իրենց ապաստարանի հայցը կուսումնասիրվի և կավարտվի»,- եզրափակեց Ղազարյանը։

Միջոցառման բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի Վաչե Տերտերյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Դանիայի միգրացիոն հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Ռուջինը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան ՆիկոլասՍխեմերսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և այլք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում