Հասարակական

Հայաստանում քրեական գործ է հարուցվել ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին զենքով սպառնալու դեպքի առթիվ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում քրեական գործ է հարուցվել ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին զենքով սպառնալու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին զենքով սպառնալու դեպքի առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր դեպի երկրի ներսն ընկած տարածքում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, զենքով նրան սպառնալու մասին։

Ըստ ՀՀ ՄԻՊ-ի և նրա հայտարարությունը հրապարակած ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ իրականացրելիս է եղել ՀՀ համապատասխան տարածքում՝ ադրբեջանական զինծառայողներից 100 մետր հեռավորության վրա, վերջիններս ագրեսիվ պահվածք են ցուցաբերել, լիցքավորել իրենց զենքերը և պահել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով կրակել։ Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ առկա տվյալների՝ միջազգային լրատվամիջոցի լրագրողներն ունեցել են մամուլի ներկայացուցչի՝ ադրբեջանական զինծառայողների համար տեսանելի տարբերանշան և պահպանել են լրագրողական աշխատանքի կանոնները:

Հրապարակումները ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու նպատակով։

Արդյունքում ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։

Նախաքննությամբ կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները»,-տեղեկացրել է Աբրահամյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում