«Նոր գիրք»-17/21. Չորս նոր ուշագրավ գիրք

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Վահե Ղուկասյան, «Գրողի տարածը»

Գիրքն ընդգրկում է համանուն վիպակն ու երկու պատմվածք: Թեպետ Վահե Ղուկասյանը գրական աշխարհում ծանոթ անուն է, հատկանշական է հատկապես նրա խմբագրած ֆանտաստիկ գրականության նվիրված «Այլ քաղաք» պարբերականը, այնուամենայնիվ «Գրողի տարածը» նրա առաջին գիրքն է: Մերձգրական աշխարհում Վահեին ճանաչում են նաև որպես մոլի ընթերցող: «Վահեին որպես խելահեղ ընթերցող եմ հիշում. մարդ, որ կարդում էր աշխարհը: Իսկ հիմա նրա գրականության պահն է` բացարձակ ընթերցողից դեպի բացարձակ գրող»,- գրքի լույսընծայման կապակցությամբ գրել է Արամ Պաչյանը: Խմբագրումն ու առաջաբանը` Աշոտ Գաբրիելյանի: Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:

Թարգմանական գրականություն

Բրամ Սթոքեր, «Դրակուլա»

Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի (1847-1912) «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը: Թարգմանությունն անգլերենից՝ Արևիկ Ղարիբյանի, համաթարգմանիչ և խմբագիր՝ Զավեն Բոյաջյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկական գրականություն

Արմեն Գրիգորյան, «Արիջա»

«Արիջա»-ն հեքիաթային, արկածային պատմություն է դպրոցահասակ երեխաների համար։ Այն պատմություն է սիրո, ընկերության ու պայքարի մասին։

Լասմանը՝ գլխավոր հերոսը, գնում է հեռավոր ճամփորդության, որտեղ պետք է կախարդական բաղադրատոմս գտնի: Նա անցնում է տարբեր փորձությունների միջով: Հեքիաթում կան կախարդներ, ջիներ, հրաշքներ և հետաքրքրաշարժ պատմություններ: Գրքի խմբագիրը Ամալյա Սողոմոնյանն է, իսկ նկարազարդումների հեղինակը՝ Մերի Սարմազյանը (հեղ.հրատ.):

Փաստավավերագրական գրականություն

Գարեգին Նժդեհ, «Չխրատվող ժողովուրդը»

Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Հեղինակն ընդգծում է հոգևոր հայրենիքի փայփայման կարևորությունը՝ որպես կորսված նյութական հայրենիքի վերադարձի միակ նախապայման: Նա վերլուծում է Սյունիքում մեր հաղթության մանրամասները, այլ պատերազմներում պարտությունների պատճառները: Փոխադրել, խմբագրել և ծանոթագրել են Արմեն Սարգսյանը և Քնարիկ Քյուրքչյանը: Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար