Քաղաքականություն

Ավստրիայի ԱԳ նախարարը կարևորել է ԼՂ հակամարտության լուծումն ու ռազմագերիների ազատ արձակումը

2 րոպեի ընթերցում

Ավստրիայի ԱԳ նախարարը կարևորել է ԼՂ հակամարտության լուծումն ու ռազմագերիների ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի և ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում մտահոգություն է հայտնել Արցախի շուրջ առկա լարվածության կապակցությամբ և կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ իրավիճակի նոր սրացմանը հանգեցնող գործողություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ավստրիայի արտգործնախարարությունից՝ մանրամասնելով, որ արտգործնախարարները քննարկել են Արցախյան հակամարտությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Վտանգավոր մոլորություն կլինի հավատալ, որ հակամարտությունը լուծված է միայն այն պատճառով, որ զենքերն այժմ լուռ են: Ներքուստ հակամարտությունը շարունակում է եռալ»,- նշել է Շալլենբերգը՝ համոզմունք հայտնելով, որ տևական հակամարտությունը դադարեցնելու ամենակարևոր նախադրյալներից են մարդասիրական միջոցառումներն ու երկու կողմերի պատրաստակամությունը՝ ուղղված հակամարտության քաղաքական լուծմանը:

Նրա կարծիքով, այդ հարցում զգալի ներդրում պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) Եվրոպական Միության աջակցությամբ:

«Մեզ շտապ անհրաժեշտ են արագ և պրագմատիկ լուծումներ մարդասիրական այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելը և ականազերծումը: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ կրկին վերսկսելու երկխոսության գործընթացը՝ հակամարտության կարգավորման նպատակով: Մեր կարծիքով, այս գործում առաջատար դեր պետք է ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», -ասել է արտգործնախարար Շալլենբերգը՝ նշելով, որ անցյալ տարվա նոյեմբերի զինադադարը հակամարտության կարգավորմանն ուղղված առաջին քայլն էր միայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում