Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-14/21. Չորս նորույթ՝ գրական աշխարհում

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-14/21. Չորս նորույթ՝ գրական աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Մկրտիչ Արմեն, «Երևան»

Մկրտիչ Արմենի (1906-1972) 1931 թվականին լույս տեսած «Երևան» վեպ-էպոպեան խորհրդային գրականագիտության կողմից պիտակվել է որպես «մոդեռնիստական», այն է՝ անարժեք ստեղծագործություն։ Այդ պատճառով էլ ոչ մի անգամ չի վերահրատարակվել և անարդարացիորեն մոռացվել է։ Այնինչ, այն 20-րդ դարի հայ վեպի պատմության կարևորագույն իրողություններից մեկը համարվելու բոլոր նախադրյալներն ունի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Ագաթա Քրիստի, «Անվերջանալի գիշեր»

Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։ Թարգմանությունը` Արփինե Վարդանյան: Գիրքը լույս են ընծայել «Էդիթ Պրինտ» և «Կարապ» հրատարակչությունները:

Մանկապատանեկան գրականություն

Դանիել Դեֆո, «Ռոբինզոն Կրուզո»

Վեպն անխոհեմորեն կյանքին մարտահրավեր նետած մարդու մասին է: Անխոհեմություն, որի պատիժը լինում է երկարատև մենակեցությունն անմարդաբնակ կղզում: Բազում փորձություններ հաղթահարած Ռոբինզոն Կրուզոն ամենը համարում է նախախնամության հետևանք, որի պատճառով էլ հաշտ ու համերաշխ է մնում զրկանքներին: Վեպը կամքի, հաստատակամության և մարդու ստեղծարար ունակությունների բացահայտման անսպառ անակնկալներ ունի, որի համար էլ երեք դար շարունակ այն մնում է աշխարհում երբևէ հրատարակված գլուխգործոցներից մեկը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Էշլի Վենս, «Իլոն Մասկ»

Իլոն Մասկի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները:

Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի Ֆորդի, Հովարդ Հյուզի եւ Սթիվ Ջոբսի խառնուրդն է: Մասկն իր էներգիան եւ հսկայական կարողությունը ծառայեցնում է գիտական ֆանտաստիկայի Ոսկեդարի իդեալիստների երազած անհավանական ապագան կերտելուն: Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան, խմբագիր՝ Գնել Նալբանդյան: Գիրքը հրատարակել է Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում