ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների, գերեվարված խաղաղ բնակիչների խոշտանգումներն ու սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինծառայողների կողմից արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված 19 հայ գերիների խոշտանգմանն ու սպանությանը:
«Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է գերեվարել խաղաղ բնակիչներին: Պետք է հստակեցվի, որ խաղաղ բնակիչներին գերեվարելն ու գերության մեջ պահելը, միջազգային մարդասիրական իրավունքի դեմ ծանր հանցագործություն է»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ բնութագրելով հայ գերիների նկատմամբ ադրբեջանական ռազմական հանցագործությունները միջազգային իրավունքի տեսանկյունից:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի մյուս ծանր հանցագործությունը գերության մեջ այդ անձանց սպանությունն է:
«Միջազգային մարդասիրական իրավունքն ուղղակի է ասում՝ գերիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական վատ վերաբերմունք ցուցաբերելն արդեն իսկ միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիա է տեղի ունեցել, ինչը ինքնին հանցագործություն է: ՄԱԿ-ի փաստաթղթերում ագրեսիայի եզրույթում հաշվի չի առնվում պետության չճանաչվածությունը:
Այստեղ մենք տեսնում ենք մարդասիրական իրավունքի դեմ հանցագործություններ, ագրեսիան՝ որպես հանցագործություն ՄԱԿ-ի կանոնադրական սկզբունքի և նորմի դեմ, և ռազմական գործողությունների ժամանակ անմարդկային վերաբերմունքը»,-նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ռազմական ագրեսիան և գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ուղղված են մարդկության դեմ, որովհետև բոլորն իրականացվել են զուտ մեկ չափանիշով՝ հայերի դեմ:
«Այսինքն՝ Ադրբեջանի այդ բոլոր գործողությունները, որոնք շարունակական բնույթ են կրում, տեղի են ունեցել ցեղասպանական գործողությունների ներքո, որովհետև ոչ թե զուտ սպանելու նպատակ ունեին, այլ՝ հային սպանելու»,-նշեց բանախոսը:
Իրավապաշտպանն անբավարար է համարում հայկական կողմի անդրադարձն այդ գործողություններին՝ նշելով, որ կան բազմաթիվ քաղաքական հարթակներ ու դատական ատյաններ, որտեղ հայկական կողմը, թե պետական, թե մասնավոր մակարդակով պետք է ավելի ակտիվ գործի:
«Մինչ դատական ատյաններին դիմելը, հայությունն ահռելի ծավալի աշխատանք ունի իրականացնելու: Պետք է հասարակական, քաղաքական, գիտական բոլոր մակարդակներում, ստեղծի իրական պատկերն այն ամենի, ինչը տեղի է ունենում մեր տարածաշրջանում: Հակառակ պարագայում՝ անմիջապես դիմելով դատական ատյաններին, դեռ չի նշանակում, որ մենք հաջողություն կունենանք»,-ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ միջազգային դատական ատյանները նախնական շատ մեծածավալ նյութեր են պահանջում, որոնցով լայն հասարակությունն ու շահագրգիռ պետություններն իրական պատկերացում կունենան այն մասին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում: