Քաղաքականություն

Հնդկաստանի դեսպանությունն առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը. դեսպանի հարգանքի տուրքը Ծիծեռնակաբերդում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի դեսպանությունն առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը. դեսպանի հարգանքի տուրքը Ծիծեռնակաբերդում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ դեսպան Կիշան Դան Դեվալի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին հաղորդագրության մեջ առաջին անգամ օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրությունը հրապարակվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Այսօր Հայաստանը հիշատակում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Դեսպան Կ․Դ․ Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այս մեծ ողբերգության նահատակներին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»,- ասված է երկլեզու հաղորդագրության մեջ:

Սոցցանցի հրապարակման մեջ դեսպանությունն ակտիվ հղմամբ նշել է նաև Հնդկաստանիու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների էջերը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Հռոմի պապը, Եվրախորհրդարանը, մի շարք այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում