Ադրբեջանում պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրությունը վերահաստատում է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը.ՀՀ ՄԻՊ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: «Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: «Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը»,-նշել է Արման Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում: Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Նա, այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:

«Ադրբեջանական իշխանությունների համար ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակությանն, առհասարակ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են այս բովանդակությամբ բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր, ինչպես նաև արձանագրվել են ահազանգող հրապարակումներ սոցիալական ցանցերում: Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ (մենք այդ ապացույցներն առանձին կհրապարակենք), որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին: Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով: Այդ քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կատարել են թե՛ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, թե՛ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների, թե՛ ադրբեջանական այլ զինված հարձակումների ժամանակ»,-նշել է:

Արման Թաթոյանի խոսքով, պետական հովանավորչությամբ թշնամանքն էր պատճառը, որ ադրբեջանական զինվորականները դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց՝ գործելով բաց դեմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ մտածելու պատասխանատվության մասին և վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն գովասանքի են արժանանալու:

«Ուստի, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար»,-նշել է նա:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ