ԼՂ-ից տեղահանվածներին աջակցությունից մինչև «կանաչ աշխատատեղեր» և կանանց հմտությունների զարգացում. Մարիյասինն ամփոփել է առաքելությունը ՀՀ-ում

18 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայ ժողովրդի հետ է՝ օգնելու հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը: Հայաստանում ՄԱԶԾ-ի գործունեության թիրախում են գյուղական զբոսաշրջության, Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց հմտությունների զարգացումը, էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքները, ընտրությունների թափանցիկության ապահովումը, բազմաթիվ այլ բնագավառներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն ամփոփել է Հայաստանում իր մոտ 4 տարվա առաքելությունը՝վստահեցնելով, որ երկրի հետ կապը չի կտրվի, իր նոր աշխատանքում անգամ կփնտրի միջոցներ՝ աշխատելու Հայաստանի հետ:

-Պարոն Մարիյասին, Դուք ավարտում եք ձեր առաքելությունը Հայաստանում: Ի՞նչ կարևոր աշխատանքներ կառանձնացնեք, որ կատարել եք ձեր գործունեության ընթացքում: Ի՞նչ «ժառանգություն» եք թողնում նրան, ով կփոխարինի ձեզ:

-Հիանալի 4 տարիներ էին այստեղ՝ Հայաստանում: Ես արտոնված էի ծառայելու Հայաստանին, երկրի զարգացմանը: Մենք շատ ծրագրեր ենք իրականացնում այստեղ, դժվար է առանձնացնել որոշները, բայց փորձեմ: Կսկսեմ նրանից, ինչը տարիներ ի վեր ՄԱԶԾ-ի առանցքային խնդիրներից է ՝աջակցել թափանցիկ ընտրությունների անցկացմանը:ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն աջակցել է խորհրդարանական ընտրություններին՝ թե 2017-ին և թե հեղափոխությունից հետո՝ 2018-ին: Մենք քաղաքական մասում ներգրավված չենք եղել, բայց մեր աջակցությունն օգնել է այս ընտրություններն իսկապես ավելի թափանցիկ դարձնելուն՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ: Մենք նաև մարդկանց վերապատրաստումներ ենք արել: Եվ կարող եմ ասել, որ թե 2017-ին, և թե հատկապես 2018-ին, ընտրությունները եղել են թափանցիկ: Թողած «ժառանգություններից» երկրորդն այն աշխատանքն է, որն արել ենք Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի հետ միասին: Հայաստանը և Վրաստանը կապող երեք սահմանային անցակետերը՝ «Բագրատաշեն»-ը, «Բավրա»-ն և «Գոգավան»-ն արդիականացված են: Օրինակներից մեկն էլ, որ ես կուզեի նշել, էներգաարդյունավետության ոլորտում արված աշխատանքն է: Երևանի գեղեցիկ լուսավորված կենտրոնական փողոցների մեծ մասը՝ այդ թվում Իսակովը,Մաշտոցի պողոտան, Դավթաշենը և այլ փողոցներ, ԼԵԴ լուսավորված են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակում: Մենք նաև սկսել ենք և իմ գալուց ի վեր աշխատում ենք բնակելի և հանրային շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագրի շուրջ: Երևանում մանկապարտեզները, ինչպես նաև Հայաստանում շատ այլ շենքեր կվերազինվեն՝ դառնալով ավելի գեղեցիկ, շատ ավելի էներգաարդյունավետ: Այդ շենքերում ապրող մարդիկ կխնայեն էներգիայի վարձը՝ մոտ 60 տոկոսով: Հաջորդ օրինակը վերաբերում է գյուղական համայնքների զարգացմանը: Իմ ժամանելուց ի վեր մեր թիրախը սահմանամերձ համայնքներն են եղել: Ծրագիրն սկսվել է 2015-ին, դրա մասշտաբներն ընդլայնել ենք 2017-ին, երբ ես եկա: Ծրագրի իրականացման համար ֆինանսավորում ենք ստանում Ռուսաստանից: Շատ դեպքերում մեր ծրագրերն իրականացվում են համայնքների, մարզպետարանների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ: Մենք հույս ենք ստեղծում գյուղերում, որոնք հաճախ «կրակի բերանին են», գյուղերում, որտեղ մարդիկ հակառակ դեպքում կարող էին լքել և գյուղերում, որտեղ ծրագրի ավարտից հետո կայուն բիզնես հնարավորություններ կլինեն մարդկանց համար: Ծրագրի շրջանակում 42 հա նոր ինտենսիվ մրգի այգիներ են հիմնվել, այդ թվում նաև Դիտավան գյուղում, որը շատ մոտ է սահմանին: Մենք նրանց տալիս են հույս, բիզնես մոդել, օգնում ենք փորձել: Մենք չենք ուզում, որ մարդիկ կախված լինեն ՄԱԶԾ-ից կամ այլ միջազգային կառույցից՝ երկարաժամկետ կտրվածքով, մենք նրանց ուզում ենք օգնել հիմնել աշխատանք: Կարծում եմ, որ մենք Հայաստանում նաև նոր խթան ենք տվել գյուղական զբոսաշրջության զարգացմանը՝ իրականացնելով «Գաստրո բակ» նախագիծը: Մարդկանց տները վերափոխվել են` զբոսաշրջիկների համար դառնալով հրապուրիչ: Լավ նորությունն այն է, որ նույնիսկ անցյալ տարի՝ 2020-ին համավարակի ընթացքում, երբ միջազգային զբոսաշրջությունը կանգնել էր, այդ վայրերից շատերը բաց էին, և շատ այցելուներ էին լինում: Մենք հավատում ենք, որ սա կայուն բիզնես մոդել է,մենք հավատում ենք, որ աղքատությունը, սոցիալական խնդիրները կարող են հաղթահարվել միայն բիզնեսի, աշխատանքի կայուն մոդելներով: «Գաստրո բակ» նախագծի շնորհիվ նոր զբոսաշրջային վայրեր են ստեղծվել Հայաստանի գյուղական բնակավայրերում: Մենք շատ ենք աշխատել նաև շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ: Շրջակա միջավայրի նախարարության հետ միասին աշխատում ենք անտառների ուղղությամբ: Հայաստանը կորցնում է իր անտառների մի մասը և պետք է վերականգնի դրանք: Մենք վերականգնում ենք շուրջ 5000 հա անտառներ Տավուշում, Լոռիում, օգնում ենք անդրադառնալ ապօրինի ծառահատումների հիմնական պատճառներին: Հաճախ ծառերը կտրվում են՝ որպես վառելափայտ օգտագործելու համար: Մենք աշխատում ենք ոչ միայն անտառների պահպանության ուղղությամբ, այլ նաև օգնում ենք անտառների կառավարման նոր մոդելի ներդրմանը, օգնում ենք համայնքների համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ձեզ փոխարինողի գործունեությունը, ի՞նչ կարևոր խնդիրներ եք տեսնում, որոնք առաջնահերթ պետք է լուծում ստանան: 2020 թվականը դժվար տարի էր Հայաստանի համար. համաճարակ,պատերազմ, որոնք իրենց հետքն են թողել: ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ինչպե՞ս կարող է օգնել լուծելու այս խնդիրները:

-Անցյալ տարի շատ դժվար, աղետալի տարի էր Հայաստանի համար: Եվ ՄԱԶԾ-ն հայ ժողովրդի հետ է՝ օգնելու հաղթահարել սարսափելի ճգնաժամը պատերազմից հետո: Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, տուժել է նաև համավարակից: Իմ մեկնումից հետո ինձ փոխարինողն ակտիվորեն կաշխատի կառավարության և ժողովրդի հետ՝ հաղթահարելու այս ճգնաժամերը: Պատերազմի ընթացքում մենք արել ենք, ինչ կարող ենք՝ որպես ՄԱԿ-ի՝արտակարգ իրավիճակների արձագանքման մաս՝ օգնելու այն մարդկանց, որոնք Ղարաբաղից պատերազմի ժամանակ տեղահանվել էին, ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանում: Մենք նրանց ապահովել ենք կացարանով:Մենք նաև աշխատել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ տեղահանվածների էներգիայի նոր լուծումների հարցի հրատապ լուծման ուղղությամբ, դա արդեն իրականացվել է մի քանի բնակավայրերում: Տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ: Մեծ ուշադրություն ենք դարձնում տեղահանված անձանց: Մենք նաև շատ աշխատանք ենք տանում՝մարդկանց պատրաստելու ապագայում ճգնաժամերի կառավարմանը: Մենք ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք patrast.am հարթակը, որը մարդկանց շատ կոնկրետ ինֆորմացիա է տալիս, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում՝ երկրաշարժի ժամանակ, կրակոցների ժամանակ և այլն: Մենք աշխատել ենք և կշարունակենք աշխատել: Հումանիտար օգնությունը շատ կարևոր է, բայց ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ նրանց աշխատանքի ուղղությամբ: Մենք նաև 44 համայնքներում օգնում ենք շուրջ 5000 մարդկանց՝ համայնքային մակարդակում մինի ծրագրեր իրականացնելու: Նաև սկսել ենք պատերազմի վետերաններին աջակցելու ծրագիր: Շատ կարևոր է օգնել երիտասարդներին, որոնք վերադարձել են պատերազմից: Մենք ՀՀ նախարարությունների հետ համագործակցությամբ աշխատում ենք նրանց հետ՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնման հարցերում: Սրանից բացի, մենք կաշխատենք նաև այդ անձանց աշխատանքային հմտությունների ուղղությամբ: Ստեղծում ենք նոր ստարտափ աքսելերատոր, որը կկենտրոնանա պատերազմի մասնակիցների կողմից հիմնված ստարտափների վրա: Պետք է նաև կենտրոնանալ այն անձանց բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ, որոնք այլևս չեն կարող վերադառնալ Ղարաբաղ: Այդ մարդիկ նոր կյանք պետք է գտնեն Հայաստանում: Մեզ համար առաջնահերթություն է, որ պատերազմի արդյունքում մեծապես տուժած անձինք նորմալ կյանք վարեն այստեղ: Կառավարության պաշտոնյաների հետ քննարկել եմ նաև հետևյալ հարցը՝ ՄԱԶԾ-ն առաջիկա 2-3 տարում կարող է օգնել Հայաստանին ՝ դիրքավորվելու որպես բարձր տեխնոլոգիական նորարարության կենտրոն, որպես խելացի գյուղատնտեսություն ունեցող երկիր և որպես երկիրը, որը ի վիճակի է հաղթահարել վախերը, անցյալի ողբերգությունը և առաջ նայել: Մենք կօգնենք երկրին ոտքի կանգնել:

- Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ընդհանուր ծավալը որքա՞ն է կազմում:

-Մեր գրասենյակն այստեղ ղեկավարում է ամեն տարի 12 միլիոն դոլար ծավալով ծրագրերի պորտֆել: Այդ գումարներն ուղղակիորեն օգուտ են բերում հայերին: 2017-ից սկսած, երբ ես ժամանեցի, մենք Հայաստան ենք բերել 57 մլն դոլար՝ նոր ծրագրերի ֆինանսավորման համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր ֆինանսավորումը գալիս է շատ տարբեր աղբյուրներից: Հայաստանի համար գլխամասից ստացած մեր բյուջեն սահմանափակ է, մեր ֆինանսավորման մեծ մասը գալիս է դոնոր գործընկերներից: Այս գրասենյակը շատ հպարտ է՝ ֆինանսավորվելու առնվազն 15 տարբեր մշտական գործընկերներից. ֆինանսավորում ենք ստանում ԵՄ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և շատերից: Մենք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրերի խոշոր իրականացնողն ենք Հայաստանում: Նաև աշխատում ենք կառավարության հետ՝ իրագործելու իրենց նախաձեռնությունները: Մենք քաղաքական և աշխարհաքաղաքական առումներով լիովին անկախ կառույց ենք, մեր աշխատանքն է՝ Հայաստանում ծրագրերի իրականացման համար առավելագույն գումար ներգրավել: Սակայն գումարն ամենակարևոր բանը չէ, ՄԱԶԾ-ն կենտրոնացած է Հայաստանի կայուն զարգացման վրա, այն կենտրոնացած է ՄԱԿ-ի արժեքների վրա՝ օրինակ հարգել մարդկանց իրավունքները, կանանց իրավասությունները: ՄԱԶԾ-ն թափանցիկ և արդյունավետ կերպով է կառավարում գումարները, մենք պատասխանատու ենք ամեն դոլարի համար, որը վստահվում է մեզ:

-Ո՞ր ոլորտներում եք տեսնում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանի կառավարության համագործակցությունը: Ի՞նչ նոր ծրագրեր են սպասվում: Հայաստանը նախատեսում է վերականգնել տնտեսական գործունեության միջավայրը, ՄԱԶԾ-ն կարո՞ղ է ինչ-որ ձևաչափով աջակցել այս հարցում:

-ՄԱԶԾ-ն Հայաստանում միշտ պատրաստ է աջակցել կառավարությանը՝ իր զարգացման ճանապարհին: Կոնկրետ հիմա մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է ունենա` Covid-19-ի և հետպատերազմյան ճգնաժամի վերականգնման շատ հստակ ծրագիր: ՄԱԶԾ-ն աշխատում է կառավարության հետ՝ աջակցելու այդպիսի վերականգնման ծրագրերի պատրաստմանը: Այդ պլանը շատ կարևոր է ապագա գործողությունների համար: Մենք նաև ուրախ էինք տեսնել կառավարության կողմից վերջերս ընդունված տնտեսական արձագանքման կարճաժամկետ ծրագիրը: ՄԱԶԾ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը՝ նաև այս կարճաժամկետ տնտեսական ծրագրի իրականացման հարցում: Մենք պետք է համոզվենք, որ Հայաստանը ճգնաժամից կվերականգնվի՝ խելացի և կանաչ ճանապարհով: Ոչինչ չի խանգարում Հայաստանի ՀՆԱ-ն բարձրացնել այնպես, ինչպես կանի առավել առաջադեմ տնտեսությունը՝ օրինակ ներդրումներ կատարելով արևային էներգիայի ոլորտում՝ ստեղծելով «կանաչ աշխատատեղեր»: Խոսքը պարզապես շրջակա միջավայրը պաշտպանելու մասին չէ, այն իրականում լավ բիզնեսի մասին է՝ ապահովելու ՀՆԱ-ի աճ՝ խելացի ներդրումների միջոցով: Դա առաջնահերթություն կլինի: Երկրորդը՝Հայաստանը պետք է անհապաղ բարեփոխի իր հանրային կառավարումը, և սա կառավարության օրակարգում կա: Մենք չենք ուզում, որ ձեր երկիրը գործի՝ կախված նրանից, թե ով կլինի իշխանության, դուք պետք է ունենաք պրոֆեսիոնալ քաղաքացիական ծառայություն, որը կգործի անկախ նրանից, թե ով կլինի իշխանության: Կարծում եմ, որ սա ձգտում է, և հուսով եմ, որ մենք ի վիճակի կլինենք աջակցել այս հարցում: Նույնը վերաբերում է նաև դատարաններին, մարդիկ պետք է վստահեն դատարաններին: Արդարադատության ոլորտի բարեփոխումները կարևոր են մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Բայց նաև չափազանց կարևոր է` տնտեսությունը խթանելու տեսանկյունից: Ոչ մի լուրջ ներդրող ներդրում չի անի Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով, մինչև չլինի դատական համակարգ, որի նկատմամբ վստահություն կլինի: Անշուշտ, Հայաստանում ներդրումային միջավայրի համար կան նաև այլ տարրեր՝ հատուկ պայմաններ՝ ներդրողների համար, և մենք կառավարությանը կօգնենք նաև այդպիսի խթանող մոտեցում ձևավորելու հարցում: Երրորդը՝ ես խորապես հավատացած եմ, որ Հայաստանի ուժը հայ կանայք են: Կարծում եմ, որ կառավարությունն ամեն ինչ պետք է անի՝ ընդլայնելու նրանց դերը տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում, քաղաքականության մեջ: Հայաստանը ավանդական արժեքներով երկիր է, սակայն ոչինչ չի խանգարում կանանց տնտեսական ակտիվությանը, կանանց հզոր դերին՝ քաղաքականության, պետական ծառայության մեջ: Մենք նաև տեսանք, թե ինչքան շատ կանայք իրենց վրա պատասխանատվություն վերցրեցին պատերազմի ընթացքում՝ պաշտպանելու սահմանները: Իմ խորին համոզմամբ՝ երկիրը պետք է ներդրումներ անի իր կանանց համար: ՄԱԶԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համատեղ ծրագրով օգնում են Հայաստանի գյուղերի երիտասարդ աղջիկներին և կանանց՝ ձեռք բերել հմտություններ ՏՏ ոլորտում, որ նրանք կարողանան հիմնել իրենց սեփական ստարտափը: 2020-ին, չնայած դժվարություններին, մենք իրականացրինք այս ծրագիրը, և հարյուրավոր երիտասարդ աղջիկներ նոր հույս ստացան: Իմ համոզմամբ՝ Հայաստանում սա ամենակարևոր ներդրումն է, որ պետք է արվի: Մենք նաև մի շատ հետաքրքիր ծրագիր ենք իրականացնում՝ հասկանալու, թե Հայաստանին ինչ մասնագետներ են պետք ավելի շատ: Հայ երիտասարդների մեծ մասը ցանկանում է դառնալ իրավաբան կամ տնտեսագետ: Բայց մենք ուսումնասիրել են աշխատանքի շուկան՝ հասկանալու, թե ընկերություններն ինչ մասնագետների կարիք ունեն: Նրանք տնտեսագետների ու իրավաբանների կարիք չունեն հիմնականում, նրանք հյուրանոցային ոլորտի մենեջերի, լեզուների իմացությամբ զբոսավարի և այլ մասնագետների կարիք ունեն: Եվ մենք աշխատում ենք՝ փորձելու օգնել համապատասխանեցնել պահանջարկն ու առաջարկը: Կարծում եմ, սակայն, որ նաև տեղական մակարդակով աշխատանք պետք է տարվի՝ վերապատրաստումների միջոցով: Մենք մի շարք նոր ծրագրեր ենք սկսում:

-Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից, ձեր կապը Հայաստանի հետ կկտրվի՞: Կա՞ն ծրագրեր, որոնք Դուք չեք հասցրել իրականացրել:

-Ես սիրում եմ Հայաստանը, դա չեմ ասում պարզապես Ձեզ հաճոյանալու համար, ես իսկապես հասցրել եմ սիրահարվել այս երկրին նախորդ 4 տարիների ընթացքում: Կան բաներ, որ ես ուզում եմ անել, բայց չեմ արել, օրինակ որպես զբոսաշրջիկ մի շարք վայրեր չեմ այցելել: Ես առնվազն որպես զբոսաշրջիկ հետ կգամ այստեղ: Մենք Granatus Ventures-ի հետ սկսել ենք շատ հետաքրքիր նախաձեռնություն, հիմնվել է «Տեխնոլոգիաներ՝ կայուն զարգացման նպատակների համար» ֆոնդը (Tech4SDG Fund) : Ես կցանկանայի այս ֆոնդը տեսնել ամբողջությամբ կապիտալիզացված: Եվ կարծում եմ՝ հետ կգամ այն տեսնելու: Մենք Տավուշի գեղեցիկ վայրերում՝Դիտավանում և Չինչինում գեղեցիկ համայնքահեն հյուրանոցներ ենք հիմնում: Դրանց բացումը լավ հնարավորություն կլինի այդ գյուղերի համար, կայուն տուրիզմ կձևավորվի: Ես հույս ունեի, որ դրանք անցյալ տարի կբացվեն, սակայն, ցավոք, ճգնաժամի պատճառով չկարողացանք, հուսով եմ, որ շուտով կստացվի: Շատ բաներ կան, որ ես կցանկանայի անել, բայց չեմ կարողացել: Ես գնալու եմ Ժնև, կլինեմ Եվրոպայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի ղեկավարի տեղակալը: Եվ ձեր տարածաշրջանի հետ համագործակցության այնպիսի բնագավառներ կփնտրեմ, ինչպիսիք են շրջակա միջավայրը, տնտեսությունը, տրանսպորտը, անտառները, այնպես որ ես հուսով եմ, որ Հայաստանի հետ իմ կապը կշարունակվի այդ տեսանկյունից: Եվ ես առնվազն արդարացում կունենամ Հայաստան գալու, սակայն ավելի կարևոր է Հայաստանի հետ աշխատանքը:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում