Արցախ

Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա կմատակարարի Աղավնոյին, Բերձորին ու Ստեփանակերտին

2 րոպեի ընթերցում

Քաշաթաղում  վերականգնված ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա կմատակարարի Աղավնոյին, Բերձորին ու Ստեփանակերտին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաշաթաղի Աղավնո գետի վրա՝ ռուս խաղաղապահների կողմից վերականգնված հիդրոէլեկտրակայանն ունի 1,7 մեգավատ դրվածքային հզորություն: Արտադրված էլեկտրաէներգիան՝ միանալով ընդհանուր ցանցին, մատակարարվելու է նաև Աղավնո համայնքին, Բերձորին ու Ստեփանակերտին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը:

«Վերականգված հիդրոէլեկտրակայանից արտադրված էլեկտրաէներգիան միանում է Հայաստանից դեպի Արցախ եկող հոսանքի ընդհանուր ցանցին, որից հետո հասնում՝ Աղավնո, Բերձոր, Ստեփանակերտ: Ներկայումս՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող ՀԷԿ-երն ունեն ընդհանուր առմամբ մոտ 75 մեգավատ հզորություն: Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ից եկող էլեկտրաէներգիան գումարվելով դրան՝ ինքնաբավության մակարդակի բարձրացման խնդրին որոշակի լուծում է տալիս: Հայաստանից եկող էլեկտրաէներգիայի խափանումների դեպքում՝կկարողանանք տեղում որոշ չափով ապահովել էլեկտրամատակարարումը»,-հայտնեց Թովմասյանը:

Անդրադառնալով Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման ներկա աշխատանքներին նախարարի տեղակալը տեղեկացրեց,որ մասնավորապես Մարտունու էլեկտրամատակարարման ապահովման նպատակով՝ Ստեփանակերտի ենթակայանից 10 կՎտ լարմամբ, օդային՝ 3 գիծ է անցկացվել:

«Այդուհանդերձ՝ Մարտունիում անջատումներ դեռ լինում են, քանի որ,ընդհանուր՝ 1 մեգավատ հզորությունը դեռևս անբավարար է, իսկ դրանից առավել այդ գիծն ունակ չէ ապահովել: Ներկայում ծրագրային աշխատանքներ են տարվում Մարտունի գնացող նախկին օդային գիծը վերականգնելու ուղղությամբ: Մի փոքր ֆինանսական խնդիրներ կային,ինչ այժմ լուծման փուլում է»,-մանրամասնեց Թովմասյանը: Նրա խոսքով աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետն առայժմ հայտնի չէ,սակայն սկսելու դեպքում՝ ավարտին կհասցնեն 2-3 ամսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում