Միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 25-ին միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիայի և տարբեր ահաբեկչական խմբավորումների վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իշխանություններն անցել են ռազմական ճանապարհով արձանագրված փաստացի արդյունքների ամրագրմանը, ինչը միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։ Փաստաթղթի համաձայն՝ տվյալ քաղաքականության իրականացման գործիքներից են Ադրբեջանի նախագահի այցելությունները բռնազավթված տարածքներ, որոնցից առավել աչքի ընկնողը Ալիևի այցն է Շուշի քաղաք, որտեղ նա աղաղակող սպառնալիքներ և հայ ժողովրդի հանդեպ բացահայտ ատելություն պարունակող ռազմատենչ հռետորաբանությամբ մի շարք հայտարարություններ է արել։

Հուշագրում ասվում է նաև, որ այդ այցերի սադրիչ և հրահրող բնույթն ու դրանց ուղեկցող հայտարարությունները վկայում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը խափանելու, հակամարտությունը չկարգավորված վիճակում պահելու Ադրբեջանի մտադրության մասին: «Ադրբեջանի նման ապակառուցողական և հանդուգն պահվածքն արժանի է միջազգային հանրության ամենախիստ դատապարտմանը»,- նշվում է հուշագրում:

Փաստաթղթում շեշտվում է, որ Արցախի ժողովուրդն իրացրել է ինքնորոշման և այդ տարածքներում պետականության ձևավորման իր իրավունքը: Ինչպես նշվում է փաստաթղթում, այս հիմնարար իրավունքի խախտումը հանդիսանում է ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարում, այլև տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը:

Հուշագրում նշվում է, որ Արցախի Հանրապետության տարածքների կարգավիճակի փոփոխմանը միտված Ադրբեջանի Հանրապետության ցանկացած օրենսդրական և վարչական գործողություններ՝ ներառյալ հողի և ունեցվածքի սեփականազրկումը, բնակչության վերաբնակեցումը օկուպացված տարածքներում և բռնազավթված տարածքների բռնակցումը, անվավեր են միջազգային իրավունքով և չեն կարող փոխել ԱՀ տարածքների կարգավիճակը: Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում տարածքային ոչ մի ձեռքբերում չպետք է օրինական ճանաչվի:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի, այդ թվում՝ Շուշի քաղաքի ներկայիս ռազմական օկուպացիան նույնպես չի կարող փոխել դրանց կարգավիճակը: Շուշի քաղաքը Արցախի անբաժանելի մասն է ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով: Այն բռնի անջատելու ցանկացած փորձ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է:

Հուշագրում ընդգծվում է, որ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը, որը կվերացնի դրա հիմնական պատճառը՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքները չճանաչելու հետ, կուղղի Ադրբեջանի կողմից ռազմական ուժի ապօրինի կիրառման հետևանքները և թույլ կտա վերականգնել վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի գերակայությունը:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ