Մշակույթ

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է չորս պրեմիերա

3 րոպեի ընթերցում

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում սպասվում է չորս պրեմիերա

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում աշխատանքների ակտիվ փուլ է: Թատրոնում ոչ միայն վերականգնել են նախորդ տարի ունեցած ներկայացումները, այլև պատրաստվում են պրեմիերաների:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ առաջին պրեմիերան նախատեսված է մարտի 20-ին և 21-ին:

«Մենք արդեն նախապատրաստվում ենք: Երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը բեմադրում է ներկայացում, որը կկոչվի «Չսեր»: Ես կարծում եմ, որ մեր հանդիսատեսին դա շատ կգրավի, մանավանդ երիտասարդներին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ հանդիսատեսի դատին կներկայացվի դասական գործ՝ Մոլիերի «Սկապենի արարքները»: Այստեղ ներգրավված է թատրոնի երիտասարդական կազմը»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կբեմադրի ևս մեկ ներկայացում, որը կոչվում է «Ծիծաղի ակադեմիա»: Հունիս ամսին էլ Ի. Հարությունյանի բեմադրությամբ բեմում կլինի տարիներ առաջ թատրոնում հաջողություն ունեցած «Ինչ տեսավ սպասավորը» ներկայացման նոր տարբերակը:

Մարիաննա Մխիթարյանը նկատեց, որ հանդիսատեսից արձագանքը չի ուշացել, դահլիճները լեփ-լեցուն են:

«Ժողովուրդը կարիք ունի մշակութային նոր վերելքների: Այո, թատրոնը ինչ-որ տեղ նաև թերապիա է, որը հիմա անհրաժեշտ է մեր ժողովրդին: Տեսնելով լեփ-լեցուն դահլիճները, արձագանքը՝ հասկանում եմ, որ ներկայացումներ բեմադրելու անհրաժեշտություն կա»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը:

Թատրոնի պայմանները բարելավելու ուղղությամբ զգալի աշխատանքներ են արվել և դեռ շարունակվելու են: Տեղադրվել է ջեռուցման, օդափոխության և հովացման նոր համակարգ: Վերազինվել է ձայնային տեխնիկան: Թատրոնի շենքի ճակատային մասում կտեղադրվի թատրոնի անվանումը` գլխատառերով, ինչը յուրահատուկ տեսք կտա շքամուտքին: Ինչպես Մարիաննա Մխիթարյանն է նշում՝ հանդիսատեսն իրեն հարմարավետ է զգում: Հարստանում և վերազինվում է նաև թատրոնի գրադարանը: Շուտով այն կհամալրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հարուստ ու բազմահատոր գրքերի հավաքածուով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում