Արցախի նախագահի աշխատակազմը քննարկում է կազմակերպել հումանիտար հարցերով սփյուռքյան կառույցների հետ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը փետրվարի 15-ին Երևանում կազմակերպել է հանդիպում–քննարկում սփյուռքյան կազմակերպությունների հետ՝ հետպատերազմյան Արցախի առջև ծագած մարտահրավերների և դրանց լուծման գործընթացների վերաբերյալ, որի բանախոսներն էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը մասնակցում էին Հայրենիքում գործունեություն ծավալող սփյուռքյան կառույցների մի խումբ ներկայացուցիչներ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը:

«Հումանիտար կարիքներից առաջինը բնակարանայինն է, և արդեն բնակարանաշինության մի քանի խոշոր նախագծեր են մեկնարկել: Այնուհետև սոցիալական-կենցաղային կարիքներն են, որոնց մի մասն արդեն բավարարվել է: Վերականգնողական կարիքները ներառում են և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական վերականգնումը, որոնց բավարարման ուղղությամբ ծավալուն գործ կա անելու: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել նաև ընտանիքների զարգացման կարիքներին՝ իրագործելով երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Վերջին կարևոր ուղղությունը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է, որտեղ նշանակալի դեր պետք է ունենա համահայկական մասնագիտական ներուժի արդյունավետ իրացումը՝ Արցախում երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացում ապահովելու համար»,- նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից աշխատանքներ են տարվում մարդասիրական ծրագրերի համակարգման ինստիտուցիոնալ արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, և ակնկալվում է բոլոր փորձառու կազմակերպությունների մասնակցությունն այդ բարեփոխման մեջ:

Մանե Թանդիլյանը ներկայացրել է սոցիալական առկա կարիքները, կատարված աշխատանքները և ԱՀ ու ՀՀ պետական ծրագրերն այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության կողմից արդեն մեկնարկել է կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի արդյունքները հիմք կդառնան պետական ու բարեգործական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման համար:

Սա նման ձևաչափով առաջին համատեղ քննարկումն էր, որը տվեց իր գործնական արդյունքները տարբեր պայմանավորվածությունների տեսքով:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում մասնակիցների միջև:

Հայերեն Русский

Հայաստանի վարչապետը զբոսաշրջության զարգացման ամենակարևոր գործոնը համարում է խաղաղությունը

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ»-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ