Մանե Թանդիլյանն անհրաժեշտ է համարում արցախցիների զբաղվածության հարցը լուծելը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն արցախցիների զբաղվածության հարցը լուծելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թանդիլյանն ասաց փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում:
«Արցախի և Հայաստանի կառավարություններն արել են ծրագրեր, որոնցով ուղղակի ֆինանսական աջակցություն ենք տրամադրել մարդկանց, բնականաբար, այս պարագայում սա գուցե երկարաժամկետ առումով լավագույն լուծումը չէ, համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք պետք է ոչ թե զուտ գումար տրամադրելու միջոցով լուծենք խնդիրը, այլ զարգացման: Պետք է կարողանանք լուծել արցախցիների զբաղվածության հարցը, որովհետև սա հնարավորություն է տալիս վերականգնվել հետպատերազմյան իրավիճակից»,- ասաց Թանդիլյանը:
Նախարարն ընդգծեց, որ բնակիչների զբաղվածության հարցը պետք է կարգավորել տնտեսական լուծումների միջոցով:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: