2020թ. գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների և 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել: 2.3 տոկոս աճ է գրանցվել բուսաբուծության, 0.6 տոկոս աճ՝ անասնաբուծության ճյուղերում: Մշակովի վարելահողերի ծավալը կազմել է 228,000 հա, ոռոգելի հողատարածքների թիվը՝ 155,000:

Պետական օժանդակության ծրագրերի շարքում՝ 2020թ. մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 295 միավոր գյուղտեխնիկա, գրեթե կրկնակի աճել է շահառուների թիվը: Շոշափելի աճ է արձանագրվել ինտենսիվ այգեգերծության ծրագրի շրջանակում. 2019թ. 53.2 հա համեմատ 2020թ. ինտենսիվ այգիների ծավալն ավելացել է գրեթե 10 անգամ՝ կազմելով 518.6 հա, շահառուների թիվը 17-ից հասել է 53-ի: Փոխնախարարի զեկուցմամբ, հաշվի առնելով ծրագրի նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ 2021թ. նախատեսվում է համակարգային մոտեցման ներդրում, որը կներառի կրթական բաղադրիչը ևս, և Ագրարային համալսարանում կիրականացվեն ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ: Գյուղապահովագրության ծրագիրը 2020թ. իրականացվել է 6 մարզում, ներառել է 2 մշակաբույս, 2021թ. նախատեսվում է ապահովագրման ենթակա մշակաբույսերի թիվը հասցնել 11-ի և ծրագիրն իրականացնել բոլոր մարզերում: Արդյունավետ ընթացք է արձանագրել տոհմային անասնաբուծության և անասնապահության ծրագիրը: Դրան նպաստել է նաև ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ իրականացվող «Միասին» նախագիծը՝ «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագիրը: 2020թ. կառուցվել է 20 խելացի անասնաշենք, կնքվել է 35 պայմանագիր, որոնք այժմ իրականացման փուլում են: Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, փետրվարի 15-ից այն հասանելի կլինի նաև Սյունիքի մարզում: Կատարվել են կենդանիների պատվաստման հակահամաճարակային միջոցառումներ և համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքներ:

Անդրադառնալով մթերման գործընթացին՝ փոխնախարարը նշել է, որ 2020թ. մթերվել է 98000 տ պտուղ-բանջարեղեն, որը 11000 տ ավելի է նախորդ տարվանից: Իրականացվել է խաղողի տնկարկների քարտեզագրում, այն կարևոր նշանակություն ունի ռեեստրի ստեղծման համար և կշարունակվի նաև այս տարի՝ մարզերի աշխարհագրության ընդլայնմամբ: Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021թ. Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ և օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում: Վերամշակման և արտահանման ոլորտներին օժանդակելու նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան 3 սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ՝ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու և դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով 2020-2021թթ. 57 վերամշակող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որոնց շրջանակում աջակցություն կտրամադրվի արտադրական կարողությունների վերազինմանը/սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը։

Ինչ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերին, ապա 2020թ., 2019թ. համեմատ, վարկերի քանակը աճել է ավելի քան 4 անգամ, վարկային պորտֆելի ծավալը՝ գրեթե 2 անգամ: Վարչապետին զեկուցվել է նաև արոտների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման 2020թ. արդյունքների և առաջիկա աշխատանքների մասին. ՀԲ վարկային միջոցներով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կառուցվել է «Անասնաբուժական սպասարկման կենտրոն», Ագրարային համալսարանի անասնաբուծության ֆակուլտետի լսարանը վերազինվել է ժամանակակից սարքավորումներով, 8 համայնքում ավարտվել է արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարությունը: 2021թ․«Անասնաբուժական սպասարկման կենտրոն» կկառուցվի Լոռու մարզի Թումանյան համայնքում, 11 համայնքում կիրականացվեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինաշխատանքներ, նախատեսվում է 70 համայնքում կառուցել կենդանիների հավաքատեղիներ, որոնք ծառայելու են կենդանիների համարակալմանը և պատվաստմանը:

Փոխնախարարը նշել է, որ 2021թ. համար նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շարունակականություն, և վերոնշյալ ծրագրերը, արձանագրված ռիսկերի գույքագրումից և բարելավումից հետո, շարունակում են իրականացվել: Առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ-ում գարնանացան հացահատիկային հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրական դինամիկա և արդյունավետություն արձանագրած ծրագրերի հետևողական իրականացումը և նշել, որ ռազմավարական նշանակության որևէ ծրագիր պետական աջակցության շրջանակից չպետք է դուրս մնա:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ջրօգտագործման ոլորտում ընթացիկ իրավիճակից: Զեկուցվել է ջրային համակարգի բարեփոխման ընթացքի, համակարգի առողջացման նպատակով կառավարության կողմից իրականացված մարումների շնորհիվ ՋՕԸ-երի կուտակած պարտքի կառավարման մասին: Այս համատեքստում քննարկվել են համակարգի ծախսարդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ջրօգտագործման գործընթացի պլանավորման ճշգրտությունը բարձրացնելու, ջրի կորուստները նվազագույնի հասցնելու, ՋՕԸ-երի կուտակած պարտքերի մարման գործընթացի համակարգային լուծման տարբերակներ և ներկայացնել քննարկման:

Հայերեն Français Русский

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին