Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ ծրագրերով:

Վարչապետն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո ձևավորված իրավիճակին՝ դրա առնչությամբ կարևորելով Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում:

Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ Հայաստանին ու Բելառուսին, երկու ժողովուրդներին շատ բան է միավորում, առկա է սերտ փոխգործակցություն, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար: Բելառուսի դեսպանը կարևորել է տարածաշրջանային կայուն իրավիճակի պահպանումը և նշել, որ Բելառուսը պատրաստակամ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ՝ ընդգծելով մեծ ներուժի առկայության հանգամանքը: Այդ առումով վարչապետը կարևորել է առևտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, խորհրդարանական ինտենսիվ համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում Երևան-Մինսկ չվերթի անընդհատ, անխափան աշխատանքը, ինչն ապահովվել է կողմերի սերտ փոխգործակցության շնորհիվ:

Վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վարչապետ Ռոման Գոլովչենկոյին:

Հայերեն Français Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը