Արցախ

ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի նախագահն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։

Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: Հանձնարարականիս համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել: Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի:

Վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն»,- գրել է Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում