Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է. Մոնթե Մելքոնյան

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես երդում տված եմ եւ կպատկանիմ մեկ մարդու: Այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ չեմ խնայեր: Ես երդում տված եմ՝ Արցախն իմ առաջին պայքարը չէ, վստահ եմ, որ վերջինն ալ չի ըլլալու…Այն կամայական սահմանները, որ գծեցին 1921-ին, ոչ մի կապ չունի իրականության հետ, եւ մենք պիտի վերահաստատենք իրականությունը մեր զենքով»:

Մոնթե Մելքոնյան

Նա այն քչերից էր, ով չի սպասում հրավերի, երբ վտանգված են հայրենի երկիրն ու նրա ապագան: Այն քչերից, ովքեր մի ողջ կյանք իրենց նախապատրաստում են ճակատագրական այն պահին, որ առանց ծանրութեթեւ անելու հայտնվում են ճիշտ այն վայրում, որտեղ զգացվում է իրենց կարիքը: Նա, որ ծնվել էր օվկիանոսից այն կողմ՝ խաղաղ ու բարգավաճ երկրում, որտեղ կարող էր լավագույնս դասավորել իր կյանքը, նվիրվել իր նախընտրած մասնագիտությանն ու ինչ-ինչ բարձունքների հասել, եկավ հայրենիք, իրեն նվիրեց Արցախյան առաջին հերոսամարտին, վրիժառության ծարավը հագեցրեց հաղթական ռազմարշավներով ու նվաճումներով, փառավորեց իր անունը եւ անմահացավ որպես ազգային հերոս:

Քչերին է բախտ վիճակվում արժանանալ այդ՝ հայրենիքի երդվյալ զինվորի կոչման: Մոնթե Մելքոնյանն այդպիսիներից մեկը եղավ: Հայ մարտիկների շուրթերին նրա անունը հնչում էր ակնածանքով ու հնչում էր երդման պես: Ծերերի ու մանուկների համար այդ անունը սփոփանք էր ու ապավեն, իսկ թշնամական ճամբարում այն տարածում էր ահ ու սարսափ: Որքան խորհուրդ եւ իմաստ պարունակեց այդ անունն իր մեջ: Որտեղի՞ց եւ ինչի՞շնորհիվ մեկ անձի մեջ խտացվեց այդքան ուժ, նվիրում ու հավատ, որ բավեց բաժին հանել շրջապատին եւ ուղղորդել իր մարտիկներին կանխատեսելի ու անկանխատեսելի սխրագործության:

«Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ եւ բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են: Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա». այսպիսին էին նրա համոզմունքն ու հավատամքը, եւ ինքն առաջնորդվում էր հենց այդ սկզբունքներով:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ. այս օրը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վիսեյլիա քաղաքում: Նրա ծնողները՝ վարպետ հյուսն Չարլզ եւ ուսուցչուհի Զաբել Մելքոնյանները, Արեւմտյան Հայաստանից գաղթածների ժառանգներ էին, ովքեր ջանում էին մոռանալ իրենց հայրենիքի ողբերգական անցյալն ու զավակներին ոչինչ չէին պատմում այդ մասին:

Մոնթեն, ավարտելով դպրոցը, տնօրեն Դեվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ այնտեղ ուսումը շարունակելու: Այս որոշումը պատահական չէր՝ նա երկար ժամանակ այցելել էր կարատեի խմբակներ եւ Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչեւ 14 տարեկան խմբի չեմպիոն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, մասնակցել ճապոներենի դասընթացներին: Մեկուկես տարում Օսակա քաղաքի ճեմարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդիստական վանականի մոտ: Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական արհավիրքների, լուսանկարում սոսկալի պատկերներ:

1978-ին Մոնթեն արդեն Իրանում էր ու մասնակցում է շահի դեմ ժողովրդական զանգվածների ցույցերին: Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմն իր տարերքի մեջ էր: Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանական մարտերին: Այստեղ նա սովորում է նաեւ արաբերեն: Ի դեպ, 22 տարեկանում ապագա զորահրամանատարը զարմանալի ընդունակությունների շնորհիվ կատարելապես տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին…

ԱՄՆ Բերկլիի համալսարանում հնագիտության եւ ասիական պատմության մասնագիտություն ստանալուց հետո հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը, կազմակերպում ցուցահանդես՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությանը: Նրա ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը: Այնուհետեւ ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարաններն ու կացարաններն ուսումնասիրելու եւ չափագրելու նպատակով:

Թուրքական եղեռնագործ պետության դեմ նրա պայքարն սկսվում է 1980-ին՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին անդամագրվելով: Մեկ տարի անց Մոնթեի մասնակցությամբ կազմակերպվում է հայտնի «Վան» գործողությունը: Նույն թվականի նոյեմբերին Օռլիի օդանավակայանում ձերբակալվում է կեղծ անձնագիր եւ ատրճանակ կրելու մեղադրանքով, դատապարտվում 4 ամսվա ազատազրկման, ավելի ուշ՝ դատարանի վճռով վտարվում Ֆրանսիայից: Դատարանում հայտարարում է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան: Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն…»:

1985-ին նորից է հայտնվում Ֆրանսիայում եւ նորից ձերբակալվում՝ այս անգամ ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով: Բանտից դուրս է գալիս, երբ Հայաստանում սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները: Ապագա կինը՝ Սեդան, որ ուսանող էր Երեւանում, նամակներով հանգամանորեն տեղեկացնում է այստեղ կատարվող իրադարձությունների մասին: Եվ Մոնթեն շտապում է վտանգված հայրենիք: Երեւանում հիմնում է «Հայրենասերների» ջոկատը: Դա 1991-ին էր: Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախ, որտեղ նրան անվանակոչում են Ավո: Ռազմական մասնագիտական հմտություններ ցուցաբերելու շնորհիվ ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունները: Կարճ ժամանակամիջոցում շահում է ոչ միայն տեղի բնակչության, այլեւ համայն հայության հարգանքն ու սերը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դառնում է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Զինվորականի ու զորահրամանատարի նրա տաղանդը փայլում է հատկապես 1993 թ. մարտ-ապրիլին հայրենի Քարվաճառն ազատագրելու մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինն էր անմահ զորավարի համար…Դա 1993 թ. հունիսի 12-ին էր, Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում…

Անփարատելիորեն մեծ էր Ավոյի կորուստը, որի մահը սգաց ողջ հայությունը: Իսկ Վազգեն սպարապետը գրեց. «Կար, կա, կհարատեւեն Անդրանիկը, Գարեգին Նժդեհը, Մոնթեն…»: Մեր ունկերում է նաեւ Մոնթեի կոչը. «Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»:

Պատգամ, որ երբեք չի հնանալու:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ