1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին․ նա շարունակելու է գործունեությունը որպես անկախ պատգամավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աթաբեկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես' մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.
1․ Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2․ Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»,- գրել է պատգամավորը։