Արցախ

Արցախի նախագահը խստորեն դատապարտում է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը խստորեն դատապարտում է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը չի կարող ընտրողական լինել, քանի որ այն մարդկությանն սպառնացող մեր ժամանակների ամենամեծ վտանգն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Իմ խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։

Հայտնում ենք մեր խորը վշտակցությունն ու ցավակցությունը տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթում վիրավորներին:

Ավելի քան մեկ ամիս է մեր երկիրը ողջ միջազգային հանրության աչքի առաջ նույնպես ահաբեկչության թիրախ է դարձել՝ պայքարելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասն ահաբեկչության նոր օջախ դարձնելու նկրտումների ու փորձերի դեմ»,- գրել է Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով` Արցախի ժողովուրդը ենթարկվում է ահաբեկչության ու մարդկության դեմ հանցագործության՝ կրելով մարդկային ու նյութական մեծ կորուստներ:

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմունքներով խաղաղ բնակչությանը դիտավորությամբ թիրախավորելու ցանկացած փորձ:

Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը սատարողներին, ֆինանսավորողներին և իրականացնողներին, ինչպես նաև ատելության հողի վրա բռնություն հրահրողներին արդարացնելու ցանկացած գործողություն պետք է վճռական կերպով դատապարտվի:

Արցախի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ այս սկզբունքներին և պատրաստ է իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ու մինչև վերջ պայքարելու է ապրելու և անվտանգ զարգանալու իր իրավունքի համար»,- գրել է Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում