Արցախ

ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել հակառակորդի զրահապատ ավտոշարասյան ոչնչացման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել հակառակորդի զրահապատ ավտոշարասյան ոչնչացման վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՆՈՅԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագծում ՊԲ-ի ուժերի կողմից թշնամական ահաբեկչական խմբավորումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների ու զրահապատ ավտոշարասյան ոչնչացման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԲ-ն ընդգծում է, որ նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել: «Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գործողությանը մասնակցած զինծառայողներից մեկը տեսանյութում պատմում է, որ տղաներն ամուր կանգնած են՝ հավելելով, որ իրենց շարքերում շատ կամավորներ են ընդգրկված, որոնք մինչև վերջին կաթիլ արյունը պատրաստ են պաշտպանել հայրենի հողը:

Գործողության մասնակիցները պատմում են, թե ինչպես են ոչնչացրել հակառակորդի զրահավորված մեքենաները: Նրանք ընդգծում են, որ հայկական զինված ուժերը շատ լավ գիտեն իրենց անելիքը, կազմակերպում են գրագետ պաշտպանություն և իրականացնում են գործողություններ, որոնց արդյունքում հակառակորդը խուճապահար փախչում է:

Հրապարակված տեսանյութում ցուցադրվում են նաև հակառակորդի խոցված զրահամեքենաները:

Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական <<դժոխք>> են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում