Հասարակական

ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին՝ նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծաղիկներ խոնարհեցին նաև ոճրագործության զոհերի հարազատները:

Զոհված Արմենակ Արմենակյանի կինը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ամեն անգամ այս օրը մեր ընտանիքներում հիշում ենք այնպես, ինչպես առաջին օրը: Այդ բոթը ցնցեց մեզ, մեր ընտանիքներին, մեր բարեկամներին, հայ ժողովրդին: Դա, կարելի է ասել, մեծ ահաբեկչություն էր, ոճրագործություն»:

Ըստ կնոջ՝ Արմենակ Արմենակյանի սպանությունն առ այսօր առեղծված է: «Արմենակը չէր կարող միջանցքում հանգիստ նստել՝ լսելով կրակոցներ: Նա, կարծում եմ, որ այդտեղ չի եղել: Վարկած կա, որ եղել է ճաշարանում: Բացի այդ 5 հոգուց, եղել են այլ մարդիկ, որոնք գուցե վախից դրդված, որ Արմենակ Արմենակյանը տեսել է իրենց, և, վրեժխնդիր կլիներ, վախից նրան սպանել են»,-ասաց նա:

Արմենակյանի կինը նշեց, որ դիմել են նաև գործող կառավարությանը, որպեսզի վերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը, որպեսզի հասկանան, թե ովքեր են կանգնած եղել այդ ոճրագործության թիկունքում:

Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։21 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում