Երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախի Ասկերան քաղաքը, կեսգիշերին՝ Մարտունին
1 րոպեի ընթերցում
![Երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է Արցախի Ասկերան քաղաքը, կեսգիշերին՝ Մարտունին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1032485.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 22-ի երեկոյան կրակի տակ են առել Արցախի Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական բանակի նշանակետում է հայտնվել Մարտունին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը:
«Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը։ Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: