Պաշտոնական

Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից. Սարգսյանը՝ ԵԽ նախագահին

2 րոպեի ընթերցում

Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա  հակամարտությունից. Սարգսյանը՝ ԵԽ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հայաստանի նախագահը մանրամասնորեն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում»,-նշել է նախագահ Սարգսյանը:

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նա հետաքրքրվել է հակամարտության համատեքստում տեղի ունեցող տարածաշրջանային զարգացումներով։ Հայաստանի նախագահը հանգամանորեն ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ապակայունացնող է և լուրջ սպառնալիք՝ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։

Զրուցակիցներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչը կարող է հանգեցնել մեծ հումանիտար աղետի։ Շառլ Միշելն ասել է, որ պետք է հարգել հրադադարը և առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղան:

Նախագահ Սարգսյանը շատ կարևոր է համարել, որ միջազգային գործընկերներն ամբողջությամբ հասկանան հակամարտության էությունը և պատերազմը դադարեցնելու հստակ կոչ հնչեցնեն։«Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում