Քաղաքականություն

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:

«Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։

Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։

Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրևաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նշվում էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ավելի վաղ Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտպայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում