Պաշտոնական

Ադրբեջանի բարբարոս վարվելակերպի ներշնչողը Թուրքիան է. ՀՀ նախագահը՝ Կանադայի գեներալ-նահանգապետին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի բարբարոս վարվելակերպի ներշնչողը Թուրքիան է. ՀՀ նախագահը՝ Կանադայի գեներալ-նահանգապետին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Կանադայի միջև փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Նա անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված հարձակմամբ պատերազմական գործողությունների վերսկսմանը՝ մասնավորապես նշելով.«Ինչպես գիտեք, Արցախի Հանրապետությունը ենթարկվեց Ադրբեջանի աննախադեպ ծավալի, դաժան ու անմարդկային հարձակմանը, որի թիրախը դարձան նաև խաղաղ բնակիչները և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս ամենի նպատակը մեկն է՝ մեկընդմիշտ զտել Արցախը հայությունից: Ադրբեջանի այս բարբարոս վարվելակերպի ներշնչողն ու անմիջական դերակատարն է Թուրքիան, որը նպատակասլաց փորձում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ որդեգրած ծրագիրը՝ բնաջնջել հայությունը որպես ազգ:

Կանադան, որը քաջատեղյակ է այդ իրողությանը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր ևս գտնվեց սկզբունքային և մարդասեր՝ կասեցնելով Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը: Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և Կանադայի կառավարությանն այդ որոշման համար»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում