ՀՀ վարչապետը և Հունաստանի ԱԳ նախարարն ընդգծել են Թուրքիայի քաղաքականության անընդունելիությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: «Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:

Հունաստանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ջերմ ողջույնները և աջակցության խոսքերը: Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են: Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:

Վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:

Վարչապետը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետին: Նիկոս Դենդիասը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստան այց կատարելու հրավերը:

Հայերեն العربية English Français Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը