ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմում կան գերեվարված ադրբեջանցիներ, սակայն չմանրամասնեց, թե քանիսն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Կան գերիներ, բայց քանիսն են, որտեղ են և ինչ վիճակում են, նման տեղեկությունների չեմ տիրապետում»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի գերեվարած հայկական զինված ուժերի երկու զինծառայողին՝ Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը նրանց վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում:
«Ցավոք, մեր տղաների վիճակի մասին տեղեկություններ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, Կարմիր խաչի հետ չի աշխատում, ասեմ ավելին` նույնիսկ սեփական դիակները չի էլ փորձում հանել: Մենք վերջին շրջանում տեսնում ենք Ադրբեջանի կողմից սեփական զոհերի նկատմամբ ծայրահեղ անմարդկային վերաբերմունք: Նման բան երբևէ չենք տեսել իրենց կողմից»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է հայկական զինված ուժերի գերեվարված երկու զինծառայողի վերաբերյալ անհապաղ տեղեկություն տրամադրել: Դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել մի քանի տեղեկություն.
- պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողը
- տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,
- տեղեկություններ նշված երկու զինծառայողի փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։
Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ը:
Նորայր Շողիկյան