Մենք պետք է պատվով շարունակենք ապրել. Արցախի նախագահի կոչը հայությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը պատրաստ է առանց նախապայմանների ստանձնել հումանիտար պատասխանատվությունը, որը բխում է կրակի դադարեցման համաձայնությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայ ժողովրդին հղված տեսաուղերձում:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է: Պաշտպանության բանակն այդ ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ: Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում մայր Հայաստանից և սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները: Կարևոր է նաև հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցած մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային մեր հերոս երիտասարդների»,-նշել է Հարությունյանը:

Նա ընդգծել է Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ և բարձր գնահատել այդ առաքելությունը:

«Եվ գիտեք՝ վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, և հայտարարություն է արվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և բանակցությունները վերսկսելու, բայց ինչ է տեղի ունեցել. հակառակորդը, օգտվելով առիթից, արդեն այս հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ: Եվ հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ:

Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու ընդամենը մի ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել հումանիտար առաքելության առումով ստանձնած պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ»,-նշեց Արցախի նախագահը:

Նա համոզված է՝ հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ. նա ընտրել է ոչ թե Ղարաբաղի խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հետո հաջողության դեպքում նաև Հայաստանը: «Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք, մանավանդ կողմերի մոտ, որոնք շահագրգռված են: Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ մարտական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի և այլն: Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին: Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել և ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին: Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների: Օրհասական պահն է այսօր: Մենք պետք է պատվով շարունակենք ապրել. այդ իսկ պատճառով կոչ եմ անում ոչ միայն նյութական, ինչը շատ կարևոր է, և ես շնորհակալ եմ բոլորիդ, այլև ֆիզիկական մասնակցության: Մենք դրա կարիքը զգում ենք: Շնորհակալություն. մենք հաղթելու ենք»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը