Սփյուռք

Հաղթելու ենք. Լոս Անջելեսի հուժկու երթն ու ցույցն աշխարհի ուշադրությունը հրավիրել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի վրա

3 րոպեի ընթերցում

Հաղթելու ենք. Լոս Անջելեսի հուժկու երթն ու ցույցն աշխարհի ուշադրությունը հրավիրել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում բազմահազարանոց «Հաղթանակի երթ»-ն ու ցույցը Թուրքիայի հյուպատոսության առջև Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների սանձազերծած ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հզոր ձայն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին լայնամասշտաբ բողոքի ակցիային միացել էին ինչպես ամերիկահայեր, այնպես էլ օտարազգի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ:

Նախաձեռնության մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել, որ «Արցախը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», «Հաղթելու ենք»:

Բողոքի ակցիայի մասնակիցների կողքին էր սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, որին վստահվել էր ՀՀ ազգային օրհներգը հավաքվածների հետ միաձայն հնչեցնելու գործը:

Տարբեր գնահատականներով՝ խաղաղ երթին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: «Հաղթանակի երթ»-ին հայերի կողքին է եղել նաև ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որն իր «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել է՝ իր համար պատիվ է եղել կանգնել հազարավոր ցուցարարների կողքին և դատապարտել Հայաստանի, Արցախի դեմ ադրբեջանցիների և թուրքերի սանձազերծած ագրեսիվ գործողությունները: Գրության վերջում նա օգտագործել է #ArtsakhStrong հեշթեգը:

ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ իրականացնող հայերն ու նրանց օտարերկրացի աջակիցները ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում են ընդունել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և դադարել որևէ ֆինանսական կամ ռազմական աջակցություն ցույց տալ Ադրբեջանին և Թուրքիային:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, խոշոր քաղաքները, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթացել են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:

Ադրբեջանը անտեսել է հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցված կրակի դադարեցման ռեժիմը՝ ոտնահարելով իր պայմանավորվածությունները և շարունակելով ինչպես խաղաղ բնակավայրերի, մեծ քաղաքների հրթիռակոծումը, այնպես էլ շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով հարձակումներն ու հրետակոծությունները: Հոկտեմբերի 10-ից մեծաքանակ հարձակման տակ է Հադրութը: Մարտերը շարունակվում են:

Լուսանկարները Արա Ղազարյանի «Ֆեյսբուք»-ի էջից

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում