Հադրութում երեկ ադրբեջանական զինված ուժերը սպանել են չորս քաղաքացիական անձի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերը չորս քաղաքացիական անձի են սպանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Երեկ հրադադարի պայմանավորվածությունից հետո դիվերսիոն ադրբեջանական խումբը ներթափանցել է Հադրութ, ըստ որոշ տվյալների` նաև վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց,: Երեկվա դրությամբ մենք տեղեկություններ ունեինք երկու հոգու մասով՝ հաշմանդամություն ունեցող մեկ երիտասարդ և նրա մայրը, որոնց սպանել են գնդակահարելով: Քիչ առաջ մենք տեղեկություններ ստացանք նաև երկու լրացուցիչ քաղաքացիական անձանց մասով` Նվեր Գրիգորյան և Արտյոմ Միրզոյան, ովքեր նույնպես սպանվել են: Առաջին երկուս քաղաքացիական անձինք սպանվել են իրենց տանը, ինչը նշանակում է, որ ուղղակի ներխուժել են տուն և գնդակահարել»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը հավելեց, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդը մի քանի տեղից գնդակահարված է եղել, նաև կրակել են նրա ափին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա կամ ափն առաջ է պարզել՝ փորձելով պաշտպանվել, կամ ցույց է տվել, որ անզեն է, իսկ ադրբեջանցիները կրակել են նրա ձեռքին:

«Եղել է ահաբեկչություն, պատերազմական հանցագործություն, և պետք է հանգամանքները պարզենք, հետամուտ լինենք, որ հանցագործներն իրենց պատիժները ստանան»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Հոկտեմբերի 10-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն. «Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով: Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,- գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Ներկայումս Հադրութ քաղաքը Արցախի ՊԲ վերահսկողության տակ է:

Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել նաև 2016թ-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում: Ադրբեջանական զորամիավորումները գյուղում գնդակահարել էին Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել