Արցախի ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները
2 րոպեի ընթերցում
![Արցախի ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031097.jpg)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից:
«Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ»,-նշում են ՊԲ-ից:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլպահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինումառարկայական բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։